Երևան

«Ես Արգիշտի Առաջինս Մենուայի որդին հիմնեցի այս քաղաքը և անվանեցի այն Էրեբունի` ի բարօրություն Բիայնիլի երկրի, ի տապալումն թշնամական երկրների»

Ք. ա. 782 թվականին ուրարտական արքա Արգիշտի I-ը Արին-Բերդ բլրի վրա հիմնեց Էրեբունի ամրոցը: Այս իրադարձությունը նա հիշատակեց սեպագիր արձանագրության մեջ, որը հետագայում հայտնաբերվեց Երևանի տարածքում կատարված պեղումների ընթացքում: Երևանի հիմնադրման տարեթիվը ընդունված է համարել հենց Ք.ա. 782 թվականը: Այսպիսով, ժամանակակից Երևանը համարվում է աշխարհի ամենահին քաղաքներից մեկը: Քաղաքի «Երևան» անվանումը առաջին անգամ հիշատակվել է 609 թվականին, սակայն մինչ 12-րդ դարը քաղաքը ոչնչով չէր առանձնանում: Արդեն XII դարում այն դարձավ կարևոր առևտրական կենտրոն՝ սերտ կապեր ունենալով այդ շրջանում Հայաստանի մայրաքաղաքը հանդիսացող Անի քաղաքի հետ: Աստիճանաբար Երևանի դերը գնալով մեծանում է, և արդեն XIV դարից սկսած գրավոր աղբյուրներում քաղաքը հիշատակվում է որպես «Արարատյան աշխարհի մայրաքաղաք»: Պատերազմների ընթացքում Երևանը բազմիցս անցել է Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ: 1827 թվականին Երևանը գրավեցին ռուսական զորքերը, և Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո այն դարձավ Ռուսական կայսրության մարզերից մեկի կենտրոնը: Քաղաքի զարգացումը սկսվեց XIX դարում: Քաղաքում անցկացվեց էլեկտրականություն և հեռախոսային կապ, կառուցվեցին երկաթուղին, մի շարք հյուրանոցներ և բաղնիքներ: 1920 թվականի նոյեմբերի 29-ին Էրիվանը դարձավ Սովետական Հայաստանի մայրաքաղաքը: Քաղաքի գլխավոր ճարտարապետ դարձավ Ալեքսանդր Թամանյանը, ով նախագծեց քաղաքի գլխավոր պլանը և կառուցեց շենքեր, որոնք այժմ քաղաքի գլխավոր գրավչություններից են համարվում: 1991 թվականի սեպտեմբերին Երևանը դարձավ անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:

Քաղաքի փոքր կենտրոնում կարելի է տեսնել մեկ կամ երկհարկանի XIX դարի առանձնատներ, որոնք երեսպատված են սև կամ կարմիր տուֆով: Նման կառույցներ պահպանվել են Աբովյան, Հանրապետության, Մհեր Մկրտչյան, Արամի, Մելիք Ադամյան փողոցներում: Իսկ Հին Երևանի խաղաղ բակերի հարևանությամբ վեր են խոյանում խոշոր բիզնես կենտրոններ, ժամանակակից հյուրանոցներ և էլիտար բազմաբնակարան շենքեր:

Երևանի մի շարք թաղամասերի շենքերի երեսպատման համար օգտագործվել է վարդագույն տուֆ, որի պատճառով էլ Հայաստանի մայրաքաղաքը երբեմն անվանում են վարդագույն քաղաք: Երևանը նաև խոշորագույն մշակութային կենտրոն է: Այստեղ կարելի է ներկա լինել դասական և ջազ երաժշտության՝ ինչպես հայ, այնպես էլ միջազգային առաջատար կատարողների համերգների: Երևանի բազմաթիվ թանգարաններում ցուցադրվում են հայ և այլ ժողովուրդների հարուստ պատմության վկայություններ: Երևանում է գտնվում հնագետների պեղած Էրեբունի բերդաքաղաքի, ինչպես նաև Թեյշեբանի ամրոցի ավերակները: