Ի՞նչ գնել

Կոնյակ և գինի

Հայաստանում արտադրվում են կոնյակի տասնյակ տեսակներ: Դրանցից ամենահայտնին «Ararat»-ն է՝ Երևանի կոնյակի գործարանի լեգենդար ապրանքանիշը և Ուինսթոն Չերչիլի սիրելի ըմպելիքը:

Վերջին տարիներին երկրում գինեգործության իսկական բում է: Ե´վ սովորական սուպերմարկետներում, և´ մասնագիտացված սրճարան-խանութներում կարելի է փորձել ու գնել տեղական արտադրության գերազանց գինիներ: Ի դեպ, Հայաստանում արտադրվում է նաև նռան քաղցր գինի: Հայաստանի տարբեր մարզեր հայտնի են նաև մրգային օղիով՝ պատրաստված, օրինակ, ծիրանից կամ հոնից: Իսկ Արցախում պարզապես չի կարելի չփորձել հայտնի թթի օղին:

 

Գորգեր և հուշանվերներ
Երևանի կենտրոնում գտնվող մի շարք խանութներից կարելի է ձեռք բերել անտիկ գորգեր: Դրանց հետ մեկտեղ կան ժամանակակից բրենդներ, որոնք առաջարկում են հին տեխնոլոգիաներով պատրաստված գորգեր:

Բազմաթիվ հուշանվերներ՝ կիրառական արվեստի գործերից մինչև սպասք ու աքսեսուարներ կարելի է գնել Վերնիսաժի շուկայում և Աբովյան փողոցի հուշանվերների խանութներում, օրինակ՝ Դալան ցուցասրահում, որտեղ կա ոչ միայն խանութ, այլև ռեստորան և պատկերասրահ:

 

Քաղցրավենիք և շոկոլադ

Հայաստանում արտադրվում է ավանդական մուգ և կաթնային շոկոլադ տարբեր միջուկներով: Ամենասիրվածները տարբեր չրերով կոնֆետներն են: Շուկաներում կարելի է գնել ուղղակի չրեր, ինչպես նաև շարան (քաղցր սուջուխ)՝ տարածաշրջանի երկրներում հայտնի աղանդեր, որը թելի վրա անցկացրած ընկույզ է խաղողի հյութից պատրաստված խմորի մեջ: Արժի փորձել նաև ալանի՝ շաքարավազի և ընկույզի խառնուրդով լցոնված չորացրած դեղձ:

 

Կոշիկ  

2010 թվականին Երևանից 100 կմ հեռավորության վրա գտնվող Արենի-1 քարանձավում գիտնականները հայտնաբերեցին աշխարհի ամենահին կոշիկը (այժմ այն կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանում): Ենթադրաբար, այդ ժամանակից ի վեր էլ հայերը սկսեցին հմտանալ այս արհեստի մեջ: Այսօր երկրում գործում են բարձրորակ կոշիկի մի քանի ձեռնարկություններ, որոնց արտադրանքը լայնորեն ներկայացված է խանութներում: Այնպես որ, հիանալի հնարավորություն կա բավականին մատչելի գնով ձեռք բերել գերազանց որակի կոշիկներ, որոնք ամբողջովին պատրաստված են ձեռքով:  

 

Հագուստ

Հայաստանում կարելի է ձեռք բերել տարբեր գնային կատեգորիաների հագուստ՝ և´ զանգվածային շուկայի համար նախատեսված մատչելի շորեր, և´ դիզայներական հագուստ: Արժի գնալ բրենդային խանութներ ու բուտիկներ, որտեղ ներկայացված են հայ դիզայներների աշխատանքները:

 

Դուդուկ

Եթե նվագում եք կամ պարզապես հավատարիմ երաժշտասեր եք, ձեզ համար դուդուկ գնեք: Դուդուկը հնագույն գործիք է, որը պատրաստվում է ծիրանի ծառից: Հայկական դուդուկի երաժշտությունը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Ի դեպ, դուդուկի նվագը կարելի է լսել ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմում՝ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարմամբ:

Գործիքը կարող եք ձեռք բերել հուշանվերների խանութներում կամ Վերնիսաժի շուկայում:

 

Ոսկերչական զարդեր

Հայկական ոսկերչությունը հնուց ի վեր հայտնի է եղել ամբողջ աշխարհում: Եվ այս ավանդույթները պահպանվում են առ այսօր: Տեղացի ոսկերիչ-դիզայներների ստեղծագործությունները կարելի է գնել և´ մասնագիտացված շուկաներում, և´ դիզայներական բուտիկներում: