Շուշի քաղաքի թանգարաններ

Այս քաղաքը, որը գտնվում է ամենագեղեցիկ կիրճերից մեկի եզրին, վաղուց է վաստակել հայոց աշխարհի մշակութային կենտրոնի տիտղոսը: Ուստի զարմանալի չէ, որ Շուշիի պատմության թանգարանում առկա են շատ հետաքրքիր ցուցանմուշներ: Թանգարանը տեղակայված է 19-րդ դարի կեսերին կառուցված երկու առանձնատների շենքերում: Այստեղ դուք կգտնեք մոխիրներից բազմաթիվ անգամ վերածնված քաղաքի հարուստ ու հետաքրքիր պատմությունը ներկայացնող տարբեր առարկաներ: Թանգարանն ունի հարուստ հավաքածու, իսկ ազգագրական բնույթի՝ զարմանալիորեն գեղեցիկ առարկաները տեղաբնիկ արհեստավորների ձեռքի աշխատանքն են։ 19-րդ դարի կենցաղային առարկաների շնորհիվ կարելի է պատկերացում կազմել քաղաքի բնակիչների կյանքի մասին, իսկ լուսանկարների հավաքածուն ամբողջացնում են քաղաքային կենցաղի ընդհանուր պատկերը։ Մեկ առանձին սենյակ նվիրված է 1992 թվականի մայիսի 9-ի Շուշիի ազատագրման ռազմական գործողություններին:

Շուշիում է գտնվում նաև Արցախի ​​կերպարվեստի պետական ​​թանգարանը: Այն բացվել է  2013 թվականին պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ ու աջակցությամբ և միմիայն նվիրատվությունների շնորհիվ: Թանգարանի շենքը կառուցվել է հին հյուրանոցի տեղում, շենքի սկզբնական ճարտարապետական ​​տեսքը պահպանվել է:

Թանգարանում ցուցադրվում են Սարյանի, Կուզնեցովի, Մինասի, Նիկողոսյանի, Ժիլինսկու, Սաֆոխինի, Գայանե Թիֆլիսեցու, Հակոբյանի, Գալենցի և ուրիշ արվեստագետների աշխատանքներ։ Շուշիի թանգարանի առանձնահատկությունը նկարների աշխարհագրական բազմազանությունն է: Այստեղ կարելի է տեսնել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Լիտվայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Լեհաստան, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եթովպիայի, Մոնղոլիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հաիթիի, Մադագասկարի ու  այլ երկրների արվեստագետների ստեղծագործությունները:

2014 թվականին Շուշիում բացվեց Գրիգորի Գաբրիելյանցի անվան պետական երկրաբանական թանգարանը: Այստեղ կարելի է տեսնել ամբողջ Արցախից հայտնաբերված տարբեր երկրաբանական գտածոներ՝ հիմնականում հանքանյութեր ու օգտակար բրածոներ:

Թանգարանի հավաքածուն ունի 400 նմուշ 48 պետությունից և Ռուսաստանի Դաշնության 20 մարզից, որոնց հիմնական մասը Գաբրիելյանի անձնական հավաքածուից է: