Շուշի

Արցախի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը առանձնահատուկ պատմություն ունի: Այն մեկ անգամ չէ, որ հիմնովին ավերվել և ավերակներից վերականգնվել է:

Շուշիի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1428 թվականով. այն ժամանակ փոքրիկ գյուղ էր: Չորս դար հետո Շուշին արդեն 25 000 բնակչություն ունեցող բերդաքաղաք էր, շրջանի մշակութային կենտրոնի վաստակած համբավով՝ սկզբում Պարսկաստանի, այնուհետև Ցարական Ռուսաստանի կազմում:   

1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի գրավումը շրջադարձային կետ եղավ Ղարաբաղյան պատերազմում և այդ ժամանակվանից նշվում է որպես Հաղթանակի օր: Այս բոլոր իրադարձությունների մասին հետաքրքրական նյութեր են պահվում քաղաքի պատմության թանգարանում:

Շուշին այսօր էլ հանդիսանում է Արցախի Հանրապետության մշակութային կենտրոնը, ավելի ճիշտ՝ մշակութային մայրաքաղաքը: Այստեղ են գտնվում XIX դարի հայտնի Ղազանչեցոց եկեղեցին, ամրոցը, պարսկական մզկիթները: Բացի այդ, Շուշիում գործում է Գորգերի թանգարան, որտեղ ցուցադրված են երկու հարյուրից ավելի հին ու նոր գորգեր, ինչպես նաև Կերպարվեստի թանգարան: