Սևան

Ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա՝ Գեղամա լեռնաշղթայի լանջերին է գտնվում տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճը՝ Սևանը, որը հին ժամանակներում հայերը Գեղամա ծով են անվանել: Այստեղ է տեղի ունեցել Հայաստանի տարածքում միակ ծովամարտը. արքա Աշոտ II Երկաթը հաղթանակ տարավ արաբական զորքի նկատմամբ և վերականգնեց Հայաստանի անկախությունը:  

Ամառվա շոգ ամիսներին Սևանը դառնում է երկրի ամենաայցելվող զբոսաշրջային վայրերից մեկը: Այստեղ՝ Հայաստանի գեղատեսիլ անկյունում, կարելի է ոչ միայն լողալ ու արևի լոգանք ընդունել, այլև մասնակցել տարբեր ռոք և ջազ փառատոների: Սևանի ամենահետաքրքիր ժամանցներից է «Կիլիկիա» առագաստանավով զբոսանքը: Այս նավը Կիլիկիայի հայկական թագավորության (XI – XVI դարեր) ժամանակաշրջանի առևտրական նավի ճշգրիտ վերարտադրությունն է: 2004-2005 թվականների ճանապարհորդության ժամանակ այն նավարկել է Եվրոպայի շուրջը:

Սևանի թերակղզում է գտնվում Սևանավանք միջնադարյան եկեղեցին, որտեղ մինչ այսօր հոգևոր դպրոց է գործում:

Սևանա լճում է ապրում կարմրախայտի եզակի տեսակը՝ իշխանը, իսկ տեղի ռեստորաններում առաջարկում են դրանով պատրաստված բազմաթիվ ուտեստներ: Բացի այդ, Սևանը հայտնի է խեցգետնով, որից մի շարք յուրահատուկ ուտեստներ են պատրաստում՝ քաբաբ, քյուֆթա և նույնիսկ ապխտած նախուտեստ գարեջրի համար: