Հայաստանի պետական ազգագրական «Սարդարապատ» թանգարան

Սա գիտամշակութային կրթական համալիր է, որտեղ պահվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են հայ ժողովրդի մշակութային ժառանգության մասին նյութերը: Այստեղ առկա ցուցանմուշների հավաքածուն ժամանակագրական տեսանկյունից  շատ ընդգրկուն է` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին՝ որպես Սարդարապատի հուշահամալիրի մի մասը։ Այն ստեղծվել է հայերի և թուրքերի պատմական ճակատամարտի 50-ամյակի կապակցությամբ, որի արդյունքից էր կախված ազգի հետագա գոյությունը:

Թանգարանում պահպանվում է ավելի քան 70 հազար արժեքավոր ցուցանմուշ` հին և միջնադարյան արվեստի ու արհեստի գործեր, աշխատանքային գործիքներ, գորգեր, կահույք, ժանյակներ ու ասեղնագործություն, ազգային հագուստ ու զարդարանք, լուսանկարներ, նկարներ, փաստաթղթեր ու արխիվային նյութեր: Ինչպես նաև ներկայացված են օտարազգի մշակույթների հետ կապված դեկորատիվ և կիրառական ժամանակակից արվեստի նմուշներ։