Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

Աշտարակ քաղաքում գտնվող Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիների մոտ է գտնվում նաև երրորդ՝ Սպիտակավոր եկեղեցու ավերակները: Ըստ լեգենդի՝ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվել էին Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ քույրերը որոշեցին զոհաբերել իրենց հանուն կրտսեր քրոջ երջանկության և նետվեցին ձորը: Երրորդ քույրը, այդ լուրն իմանալով, նույնպես ինքնասպան եղավ: Սարգիսն էլ երեք եկեղեցի կառուցեց նրանց հիշատակին և անվանեց դրանք քույրերի՝ վերջին օրը կրած հագուստի գույներով` Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր: Հետագայում Աշտարակում կառուցվում է նաև Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի այս եկեղեցիները: Եկեղեցիների անվան ծագումնաբանության վերաբերյալ կա նաև այլ կարծիք. ասում են՝ դրանք առաջացել են ամեն եկեղեցում որմնանկարների վրա պատկերված Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխաշորի գույներից: