Գորիս

1868 թվականին Գորիսը հռչակվեց Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի մայրաքաղաք: Չնայած մարդիկ դեռ հնուց էին ապրում այստեղ, և դրա քարակերտ վկայությունն է Հին Գորիս քարանձավային բնակավայրը: Վիմափոր տներում դեռ կարելի է տեսնել աթոռներ, սեղաններ, պահարաններ, խարույկի տեղեր, իսկ քարանձավներից մեկում, ասում են, ժամանակին գործում էր Հայաստանի առաջին թատրոնը: Ի դեպ, Գորիսից ոչ հեռու գտնվում է ևս մի քարանձավային բնակավայր՝ Հին Խնձորեսկը, իսկ մի փոքր ավելի հեռու՝ Տաթևի վանքը:
Գորիսի ճարտարապետությունը՝ հստակ «շախմատաձև» պլանավորումով, նույն ոճի երկհարկանի տներով և Հայաստանի համար անհավանական՝ միանման տանիքներով, այն դարձնում է երկրի ամենահարմարավետ և գեղեցիկ քաղաքներից մեկը: Գորիսի տեսարժան վայրերից է գրող Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Բակունցի ժամանակներից այստեղ բան չի փոխվել, միայն թանգարանի աշխատակիցները սկսել են բակում պահել միրհավ՝ գրողի ամենահայտնի պատմվածքի հերոսին: