Էջմիածնի թանգարան-գանձարան

Հայ առաքելական եկեղեցու մասունքներն ու արժեքավոր ընծաները պահպանելու համար դեռևս 1869 թվականին գլխավոր տաճարին կից  3 սենյակ է կառուցվել։ Իսկ 1955 թվականին ամերիկահայ բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների միջոցներով կառուցվեց մի շենք, որտեղ այժմ գտնվում է Էջմիածնի թանգարան-գանձարանը: Թանգարանում պահվում են հազվագյուտ իրեր` պատմական ու գեղարվեստական արժեք ունեցող եկեղեցական պարագաներ, ոսկով ու մարգարիտներով պատված զգեստներ, խաչեր ու կաթողիկոսական գավազաններ, ոսկուց, արծաթից ու փղոսկրից պատրաստված բազմաթիվ ծիսական առարկաներ՝ զարդարված նուրբ ու անգին քարերով: Այստեղ կարելի է տեսնել հազվագյուտ, հնաոճ մետաղադրամներ ու հնագույն ձեռագրեր: Ուշագրավ են հատկապես 17-րդ դարի կաթողիկոսների գահաթոռները՝ զարդարված սադափով ու փղոսկրով, առյուծի արծաթաձույլ գլխով ու թաթերով։ Թանգարանում ցուցադրվում են նաև եզակի սուրբ մասունքներ, ինչպես նաև Սուրբ Գեղարդը՝ այն սրածայր նիզակը, որով Ղունկիանոս հարյուրապետը խոցել է խաչված Հիսուսին կամ Նոյյան տապանի մասնիկը: