Դիլիջան

Այս լեռնակլիմայական հանգստավայրը բոլոր կողմերից շրջապատված է Դիլիջանի արգելոցի անտառներով: Արգելոցը տարածաշրջանում խոշորագույններից է: Ոչ հեռու գտնվում է գեղատեսիլ Պարզ լիճը, իսկ մեքենայով մոտ 10 րոպե ճանապարհի վրա է գտնվում վերջերս վերանորոգված Հաղարծինի վանքը:

Վերջին տարիներին քաղաքը հայտնի է ոչ միայն որպես զբոսաշրջային կենտրոն. այստեղ է գտնվում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գիտահետազոտական կենտրոնը, որտեղ գործում է հայկական դրամին նվիրված ցուցադրություն: 2014 թվականին բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը, որը մտնում է United World Colleges (UWC) ցանցի մեջ: Այստեղ սովորում են երեխաներ աշխարհի տարբեր ծայրերից, իսկ դպրոցի շենքը արժանացել է մի շարք հեղինակավոր միջազգային մրցանակների էկոլոգիապես անվտանգ ճարտարապետության համար:

Դիլիջանում շատ են հյուրանոցներն ու հանգստյան տները, ինչպես նաև ազգային և եվրոպական խոհանոցները ներկայացնող ռեստորանները: Քաղաքում կան նաև հանքային ջրի և գարեջրի գործարաններ Dilijan համանուն արտադրանքով: