Դադիվանք

Վանքը կոչվել է Սուրբ Դադիի՝ Թադեոս առաքյալի աշակերտի անունով, որը նահատակվել է այդտեղ I դարի կեսերին: Նրա գերեզմանի վրա էլ կառուցվել է եկեղեցին: Վանքի ամենահին շինությունը թվագրվում է IV դարով, բայց համալիրը կառուցում էին ևս հազար տարի: Միջնադարում Դադիվանքը Հայաստանի ամենահարուստ վանքերից էր: Գրատան և տնտեսական սրահների հետ մեկտեղ այստեղ կար նույնիսկ հյուրանոց: Վանքը հայտնի է իր խաչքարերով. ըստ լեգենդի՝ դրանց նախշերը վերցվել են Խաչեն իշխանության տիրուհի Արզու-Խաթունի ասեղնագործությունից: Նրա անունով է կոչված համալիրի եկեղեցիներից մեկը: Ի դեպ, եկեղեցու ներսում պահպանվել են գունառատ որմնանկարները, որոնց միանգամից տեսնելը դժվար է՝ պետք է սպասել, որ աչքերը սովորեն մթությանը: